1. Ի՞նչ է պալլիատիվ օգնությունը
Պալլիատիվ օգնությունը՝ բժշկական օգնության և սպասարկման հատուկ տեսակ է, որը կենտրոնանում է պացիենտի և նրա ընտանիքի (խնամակալի) կյանքի որակի վրա, որը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը, տառապանքը և կյանքը սահմանափակող հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները:
Պալլիատիվ օգնությունը ապահովում է անբուժելի հիվանդության տարբեր փուլերում կարեկցող խնամք պացիենտին, որպեսզի վերջինս կարողանա ապրել հնարավորինս լիարժեք և հարմարավետ, առանց արագացնելու կամ հետաձգելու մահը:
Պալլիատիվ օգնությունն ուղղված է նաև բարելավելու պացիենտի ընտանիքի կյանքի որակը՝ օգնելով որոշումներ կայացնելիս, խնամելիս: Ընտանիքի անդամները նաև կարող են ստանալ մեծ աջակցություն և նվազեցնել դժվարությունները` շնորհիվ պալլիատիվ օգնություն տրամադրող մասնագետների:
2. Ո՞վ ունի պալլիատիվ օգնության կարիք
Պալլիատիվ բուժօգնությունը ցուցաբերվում է անբուժելի հիվանդություններ և վիճակներ ունեցող պացիենտներին, որոնք բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի՝
1) տարբեր չարորակ նորագոյացություններով պացիենտներ,
2) օրգան-համակարգ(եր)ի անբավարարության դեկոմպենսացիայի փուլում գտնվող պացիենտներ՝ հիվանդության կայունացման հասնելու անհնարինության պայմաններում,
3) թերապևտիկ քրոնիկ հիվանդություններով անբուժելիության փուլում գտնվող պացիենտներ,
4) ուղեղի արյան շրջանառության ծանր անդառնալի հետևանքներով պացիենտներ, ովքեր ախտանշանային բուժման և բժշկական օգնության ցուցաբերման ժամանակ խնամքի ապահովման կարիք ունեն,
5) հետվնասվածքային ծանր, անդառնալի հետևանքներով պացիենտներ, ովքեր ախտանշանային բուժման և բժշկական օգնության ցուցաբերման ժամանակ խնամքի ապահովման կարիք ունեն,
6) նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններով պացիենտներ,
7) դեմենցիայի տարբեր ձևեր ունեցող պացիենտներ, այդ թվում` անբուժելիության փուլում գտնվող Ալցհեյմերի հիվանդությամբ,
8) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, բազմադեղակայուն տուբերկուլոզով, տուբերկուլոզ և ՄԻԱՎ համավարակի դեպքերը,
9) մանկական տարիքին բնորոշ բնածին և ժառանգական հիվանդություններով, զարգացման ծանր խանգարումներով պացիենտներ, որոնց մոտ առաջանում են անդարձելի, կյանքին սպառնացող և կյանքի տևողությունը սահմանափակող վիճակներ՝ բազմաօրգանային խանգարումներ առաջացնող մետաբոլիկ հիվանդություններ, քրոմոսոմային անոմալիաներ, գենետիկ համախտանիշներ, մկանային դիստրոֆիաներ, մանկական ուղեղային կաթվածի ծանր ձևեր, ծանր աուտիզմ և այլն,
10) այլ իրավիճակներում, համապատասխան մասնագիտական եզրակացության առկայության դեպքում:
3. Ե՞րբ է սկսվում պալլիատիվ օգնությունը
Պալլիատիվ օգնությունն իրականցվում է, երբ անբուժելի հիվանդությունն այն փուլում է, երբ բուժումն այլևս դարձել է անհնարին և դժվար է վերահսկել հիվանդությունը:
Հարկ է նշել, որ պալլիատիվ օգնությունը չի բուժում հիվանդությունը, այլ փոխարենն` այն օգտագործվում է հնարավորինս արագ ախտանիշները և կողմնակի բարդությունները կանխելու կամ բուժելու նպատակով:
4. Արդյո՞ք երեխաներին տրամադրվում է պալլիատիվ օգնություն
Պալլիատիվ օգնությունն ակտիվ համապարփակ բժշկական ծառայությունը է: Այն իրականացվում է բոլոր տարիքի պացիենտների նկատմամբ, ներառյալ երեխաների, որոնք տառապում են կյանքը սահմանափակող անբուժելի հիվանդություններով, որոնց բուժումն այլևս անարդյունավետ է:
Մանկական պալլիատիվ բուժօգնությունը տրամադրվում է երեխաներին բազմամասնագիտական թիմային ծառայությունների շրջանակներում` շաբաթը 7 օր, 24 ժամ սկզբունքով:
5. Ո՞վ է տրամադրում պալլիատիվ օգնություն և սպասարկում
Պալլիատիվ բուժօգնություն տրամադրող բազմամասնագիտական թիմի մասնագետներն են.
- բժիշկ,
- բուժքույր,
- այլ մասնագետներ` հոգեբան, քահանա, սոցիալական աշխատող, կամավոր:
Պալլիատիվ օգնության թիմի կազմում ընդգրկված մասնագետները կարող են օգնել հոգեկան, ֆիզիկական, էմոցիոնալ, սոցիալական և հոգևոր խնդիրների որոնման և լուծման հարցում:
6. Որտե՞ղ է իրականցվում պալլիատիվ օգնությունը և սպասարկումը:
Պալլիատիվ բուժօգնությունն իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում հետևյալ պայմաններում.
- արտահիվանդանոցային պալլիատիվ բժշկական օգնություն և սպասարկում.
- պոլիկլինիկայի պալլիատիվ օգնության և սպասարկման կաբինետների բազմամասնագիտական թիմի կողմից (շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չնախատեսող դեպքերում, այդ թվում՝ տնային կանչերի միջոցով),
- շարժական (մոբիլ) պալլիատիվ բուժօգնության համապատասխան բազմամասնագիտական շարժական թիմի կողմից այն պացիենտի նկատմամբ, ով անկարող է ինքնուրույն տեղափոխվել, կամ տեղափոխությունը կապված է դժվարությունների հետ, կամ իր ցանկությամբ:
- հիվանդանոցային պալլիատիվ բժշկական օգնություն և սպասարկում.
- հիվանդանոցային (ստացիոնար) պալլիատիվ բուժօգնության բազմամասնագիտական թիմի միջոցով հիվանդանոցային հաստատություններում` պալլիատիվ բուժօգնության բաժանմունքի կամ մահճակալների կամ ծառայության առկայության պայմաններում.
- հոսպիսում պալլիատիվ բուժօգնության բազմամասնագիտական թիմի կողմից հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող այն պացիենտներին, որոնց համար անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում հարատև խնամքի իրականացում:
7. Որո՞նք են պալլիատիվ օգնության տրամադրման գործընթացի սկզբունքները:
Պալլիատիվ բուժօգնությունն իրականացվում է շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով:
Պալլիատիվ բուժօգնության սկզբունքներն են`
1) հաստատել կյանքը՝ ընդունելով մահը որպես բնական գործընթաց,
2) վերահսկել ցավը և այլ ախտանիշները,
3) ոչ արագացնել, ոչ էլ հետաձգել մահը,
4) բուժօգնության մեջ, ըստ անհրաժեշտության, ընդգրկել հոգեբանական, սոցիալական և հոգևոր բնագավառները,
5) օգնել պացիենտին ապրել հնարավորինս լիարժեք կյանքով մինչև մահ,
6) օգնել ընտանիքին, խնամակալին հարմարվել պացիենտի հիվանդությանը և հաղթահարել պացիենտի կորուստը,
7) ցուցաբերել թիմային մոտեցումը պացիենտի կարիքները հոգալու համար,
8) տրամադրել կյանքի երկարացմանն ուղղված բուժօգնության (քիմիաթերապիա, ճառագայթաբուժություն և այլն)` իրականացնել հետազոտություններ անհրաժեշտ կլինիկական ծանր բարդությունները հասկանալու և կառավարելու համար:
8. Ի՞նչ հիմունքներով է տրամադրվում պալլիատիվ օգնությունը:
Պալլիատիվ բուժօգնությունը պացիենտներին տրամադրվում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Վճարովի ծառայությունների գները հաստատում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները: